Էրդողանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը համարում է «հարձակում Թուրքիայի վրա»

Your browser doesn’t support HTML5

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում, հայտարարել է, որ հայերի ցեղասպանության պնդումները միջազգայնորեն ճանաչելու արշավների նպատակը ոչ թե ճշմարտությունը բացահայտելն է կամ հայերի տառապանքների հիշատակումը, այլ Թուրքիայի վրա հարձակվելը:

Նա ասել է, որ այսօրվա Թուրքիան ոչ մի կապ չունի հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդունել է, որ պատերազմի ժամանակ հնարավոր է՝ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, միաժամանակ ավելացնելով, թե քաղաքացիական անկարգությունների ընթացքում նաև հազարավոր թուրքեր սպանվել են հայերի կողմից:

CNN Turk-ը ցուցադրել է Էրդողանի ելույթը, ուր նա, ըստ էության, նորից առաջարկում է պատմաբանների հանձնաժողով ստեղծել:

«Օ՜ հայկական սփյուռք, օ՜ հայկական վարչակազմ, մեր արխիվներն այստեղ են, մենք հարյուր հազարավոր փաստաթղթեր ունենք, ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ: Որքա՞ն փաստաթուղթ ունեք դուք, բերեք ձեր փաստաթղթերը և մենք կհանձնարարենք պատմաբաններին, քաղաքագետներին, նույնիսկ հնագետներին ու իրավաբաններին՝ ուսումնասիրել դրանք: Փնտրեք ճշմարտությունն այստեղ», - ասել է Էրդողանը, ավելացնելով, թե գումարների և լոբբիստական աշխատանքի միջոցով իրականացվող հակաթուրքական արշավները ոչինչ չեն տա:

Թուրքիայի նախագահը, ասելով, թե ճշմարտությունը պետք է փնտրել արխիվներում, մեղադրել է հայերին, որ չեն արձագանքում արխիվները ուսումնասիրելու և պատմության ճշմարտությունը բացահայտելու՝ Թուրքիայի կոչերին:

«Մեր կոչերը մնում են անպատասխան, որովհետև նրանց նպատակը փաստերի ուսումնասիրությունը չէ, մենք ոչ մի պատասխանատվություն չունենք, փոխարենը, եթե մենք ուսումնասիրենք վերջին 100-150 տարիներին մեր ժողովրդի անցած ճանապարհը, մենք կարող ենք գտնել շատ ավելի տառապանքներ, քան իբր ունեցել են հայերը», - հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ նրա ելույթը հաջորդեց ԱՄՆ-ի ավելի քան 40 կոնգրեսականի նախաձեռնությանը, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար հերթական օրինագիծն են ներկայացնում Կոնգրեսին:

Էրդողանը մարտի 19-ին ելույթ է ունեցել Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառմանը: Աշխարհի տարբեր երկրներից այստեղ ժամանած արխիվների ղեկավարները մասնակցում են «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100-րդ տարում» կոչվող համաժողով-ցուցահանդեսին:

Էրդողանը իր ելույթում անդրադարձել է նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի պայմանագրին, որով Մերձավոր Արևելքում սահմանվեցին նրանց ազդեցության գոտիները: Քննադատելով այդ պայմանագիրը՝ Էրդողանն ասել է, թե դա ոչինչ չտվեց բացի արցունքներից ու տառապանքներից:

«Քաոսի վրա կառուցված կարգը մինչև հիմա խնդիրներ է հարուցում: Այսօր մենք պարզորոշ տեսնում ենք, որ Առաջին համաշխարհային պատերազմը դեռ չի ավարտվել, բացված փակագծերը դեռ փակված չեն», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: