Սեյրան Օհանյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Bloomberg պարբերականին ասել է, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում։

«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Օհանյանը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր առավոտյան ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվել էր, ևս չորսը վիրավորվել։

ՊԲ-ից հաղորդել են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև հետապնդելով վերջինիս, ամբողջությամբ ոչնչացրել խմբին իրենց դիրքերի մատույցներում: