Մենք վճռական ենք Հայաստանի հետ դրական օրակարգ ձևավորելու հարցում․ ԵՄ հանձնակատար

Your browser doesn’t support HTML5

Եվրամիության ու Հայաստանի միջև առաջիկայում վերսկսվելու են բանակցությունները, որոնց նպատակն է երկկողմ հարաբերությունների համար նոր փաստաթուղթ մշակել, այսօր Արտգործնախարարությունում Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բանակցությունները կսկսվեն, երբ որ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին այդ բանակցությունների համար և կարծում եմ արդեն այդ նախադրյալները կան, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի և մենք բանակցությունները կսկսենք և կգանք մշակման այն իրավական փաստաթղթի, որը հիմք կհանդիսանա մեր հարաբերությունների և համագործակցության համար», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը այսօր է ժամանել Երևան: Նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը «եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները» լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Օրվա ընթացքում Արտգործնախարարությունում կայացել են նաև Նալբանդյան-Հան բանակցությունները:

«Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության մամլո հաղորդագրությունում:

Յոհանես Հան․ 2015-ը կարևոր և որոշիչ տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար

Բնակացություններից հետ կայացած ասուլիսում Յոհանես Հանը հայտարարեց՝ 2015 թվականը կարևոր և որոշիչ տարի է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար:

«Մենք միտված ենք ապագային և վճռական ենք տրամադրված դրական օրակարգ ձևավորել՝ հետագա համագործակցության համար այն ոլորտներում, որոնք համադրելի կլինեն Հայաստանի այլ հանձնառությունների հետ: Եվրամիության հանձնառության վկայությունը կլինի հավակնոտ այն համաձայնագիրը, որը մտադիր ենք իսկապես բանակցել»:

Երեկ Ազգային ժողովում բացելով «Եվրանեսթ»-ի նիստը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ և ընդգծեց, որ հնարավոր է համատեղել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիության հետ խոր և ընդգրկուն օրակարգը:

Այսօր ասուլիսի ժամանակ ԵՄ հանձնակատարին հարցրինք, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա համատեղել այդ երկու ուղղությունները:

«Դա հենց մեր քննարկումների նպատակն էր՝ պարզել, թե ի՞նչ է հնարավոր և ի՞նչ է բխում մեր համատեղ շահերից, որովհետև առաջին հերթին մենք պետք է պարզենք՝ ի՞նչ է բխում Հայաստանի շահերից, ի՞նչ է բխում Եվրոպայի շահերից՝ համագործակցության ուղղությունների առումով: Հիմնականում դա արդեն ավարտված է: Հիմա պետք է զեկուցենք: Միանգամայն վստահ եմ, որ մոտ ապագայում մենք մանդատ կստանանք, որպեսզի անցնենք շատ կոնկրետ բանակցությունների և կարծում եմ, որ հնարավոր է և կարելի է ունենալ կայուն հարաբերություններ՝ հիմնվելով պայմանագրային հիմունքների վրա»:

Յոհանես Հանը հավելեց, որ Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը:

«Եվրամիության համար ստատուս քվոն անընդունելի է, և այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը ԵՄ-ի համար շարունակում է հանդիսանալ կարևոր առաջնահերթություն»,- հայտարարեց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը: