Թուրքիայում մեկնարկում է Տրանսանատոլիական խողովակաշարի շինարարությունը

Հարավային գազային միջանցք

Այսօր Թուրքիայի տարծքում մեկնարկում է Տրանսանատոլիական խողովակաշարի` TANAP-ի շինարարությունը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ շինարարության մեկնարկի առնչությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։

TANAP-ը կարևորվում է հատկապես Թուրքիայի և Եվրոպական միության երկրների էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։

Տրանսանատոլիական խողովակաշարը «Հարավային գազային միջանցքի» առանցքային հատվածներից է: Դրա միջոցով Կասպից ծովում գտնվող «Շահ-Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով արտահանվելու է Հարավային Եվրոպա. 2020 թվականի սկզբին 1850 կիլեմետր երկարությամբ TANAP-ը կմիացվի Տրանսադրիատիկ գազատարին, բնական գազ կստանա Հարավկովկասյան գազատարից և այն՝ Իտալիայի, Հունաստանի ու Ալբանիայի տարածքներով կտեղափոխվի Եվրոպա։

Անկարայում և Բաքվում հույս ունեն, որ 2018 թվականից շահագործվելիք այս խողովակաշարով արտահանվող գազի ծավալները տարեցտարի աճելու են:

Սկզբնական շրջանում նախատեսվում է արտահանել տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ՝ այդ թիվը հասցնելով տարեկան մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի: