Լեռնային Ղարաբաղի Վարդաձոր գյուղը խմելու ջրի խնդիր ունի

Your browser doesn’t support HTML5

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչները միաբերան պնդում են՝ գյուղում ամենալուրջ խնդիրը խմելու ջրի պակասն է, ճանապարհներն էլ անբարեկարգ են: Շրջկենտրոն Ասկերանից 7-8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղի ճանապարհներն ամբողջությամբ քարերով են պատված:

Գյուղապետ Սամվել Սառաջյանը համակարծիք է համագյուղացիների հետ՝ այս պահին ամենահրատապ խնդիրը խմելու ջրի հարցն է: Գյուղապետը հուսադրող նորություն ունի՝ ապրիլի 1-ից ջրամատակարարման ցանց են անցկացնելու ու արդեն ամռանը գյուղը խմելու ջրի խնդիր չի ունենա:

«Ֆինանսավորումը կա: Ամռանը անպայման՝ 100 տոկոսով լինելու է, բացում ենք անելու ջրի: Ջրամատակարարման ցանց են անցկացնելու, մեկ է քանդելու են ճանապարհները, որ ջրամատակարարումն անցկացնեն, անպայման ճանապարհներին փող ունենք, անելու ենք», - ասում է գյուղապետը:

Պատերազմի տարիներին Վարդաձորն ամբողջությամբ այրվել է, այդ պատճառով գյուղում բնակֆոնդի խնդիր կա: Պատերազմի ժամանակ վարդաձորցիները լքել էին գյուղը, փախել Ստեփանակերտ, իսկ հետ գալուց հետո սկսել են նորից տներ կառուցել: Գյուղը հիմնականում բնակեցված է տարեց մարդկանցով, երիտասարդները մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու, որոշներն էլ հաստատվում են այնտեղ: Մեծահասակներն էլ դժգոհում են՝ գյուղում մնացած հատուկենտ երիտասարդները ամուսնանալ չեն կարողանում բնակարանային խնդրի պատճառով: Գյուղապետն ասում է՝ սրա պատճառներից մեկն այն է, որ բանկերը գյուղացիներին հիփոթեքային վարկեր չեն տրամադրում․ գյուղացու տունը գրավ վերցնելու դեպքում չեն կարողանա վաճառել:

«Պետությունը, կառավարությունն ուզում են խառնվեն, մի քիչ օգնեն, որ հիփոթեքային վարկերը գյուղացուն հասանելի լինեն, ցածր տոկոսադրույքներով օգնեն, որպեսզի էդ տները կարողանան կառուցեն», - պատմում է Սառաջյանը:

Գյուղացիներն այլ խնդիրներ էլ էին մատնանշում, մասնավորապես՝ շտապօգնության մեքենայի բացակայությունը, բողոքում էին թանկացումներից:

Գյուղը սահմանամերձ է համարվում, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում սահմանից, բնակիչների խոսքով՝ երբեմն կրակոցներ լսում են:

«Սովոր ենք կրակոցներին», - ասում են գյուղացիները: