Ղարաբաղի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդումը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է: Այդ մասին այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը միաժամանակ տեղեկացնում է, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա և անհետևանք չի մնա», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդել է, թե իր զինված ուժերի դիրքեր «հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման հերթական փորձի կասեցման» ժամանակ երեկ երեկոյան զոհվել է ադրբեջանցի զինվոր Անար Մամեդ օղլու Աթաևը, իսկ հայկական կողմը «կատաղի փոխհրաձգության արդյունքում կորուստներ կրելով՝ ստիպված է եղել նահանջել»: