Արսեն Բաղդասարյանի գործն ուղարկվել է դատարան

2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է, ով գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, որի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Արսեն Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։