ՌԴ ԴԽ կոմիտեի ղեկավարը Հայաստանին հիշեցնում է Ուկրաինայի օրինակը

ՌԴ ԴԽ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «Ազատության» մոսկովյան բյուրոյում, արխիվ

Այդուհանդերձ, Կոնստանտին Կոսաչևը հուսով է, որ Հայաստանը կկարողանա խուսափել փորձությունից:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը անընդունելի է համարում Հայաստանում մոտ 350 հասարակական կազմակերպությունների աշխատանքը, «որոնք գործում են եվրասիական ինտեգրացիայի դեմ և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման օգտին»:

«Կամ մեզ հետ եք, կամ՝ նրանց, նման դիրքորոշումն արդեն իսկ ավերել է կամ գրեթե ավերել է Ուկրաինան և կարող է ավերել նաև ցանկացած այլ երկիր, եթե հարցը դրվի հետևողականորեն ու ճակատային», - հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը և հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա խուսափել նման ընտրության առջև կանգնելու փորձությունից:

Հատկանշական է, որ անդրադառնալով Ռուսաստան - Ադրբեջան հարաբերություններին՝ Կոսաչևը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի «կարևորագույն առևտրատնտեսական և քաղաքական գործընկերն է»: Մինչդեռ Հայաստանը, նրա բնորոշմամբ, Ռուսաստանի «մերձավորագույն» գործընկերն է:

Կոսաչևը իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին՝ ռուսաց լեզվի և Ադրբեջանում բնակվող իրենց հայրենակիցների հանդեպ «շատ հոգատար վերաբերմունքի» համար:

«Իհարկե, Բաքուն այլ գործընկերներ էլ ունի, նրա ընտրության գունապնակը շատ ավելի լայն է, քան Հայաստանի և Վրաստանի դեպքում, սակայն ես չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ՝ հետագայում ևս ռուս - ադրբեջանական հարաբերությունների բարեհաջող զարգացման ճանապարհին», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կոսաչևը:

Վերջինս խոսել է նաև Վրաստանի հետ հարաբերությունների մասին: Ռուս սենատորի գնահատմամբ՝ տեսնելով, թե ինչպես են զարգանում Ռուսաստան - Ադրբեջան, Ռուսաստան - Հայաստան հարաբերությունները, Վրաստանը սկսում է հասկանալ, որ հեռանալով Ռուսաստանից՝ օգուտներ ու հնարավորություններ է ձեռքից բաց թողնում: