Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի հայ ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը մարտին կստանա Հայաստանի քաղաքացիություն և կմիանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» ծրագրում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ֆրանսահայ ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում: Անդոնյանի երկրորդական դիրքը համարվում է նաև պաշտպանության գծի ձախ եզրը:
20-ամյա ֆուտբոլիստը Մարսելի ակումբի երկրորդ թիմի անդամ է, դեռևս մեկ հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս երեք տարի առաջ մեկ անգամ փորձել էր ձեռք բերել Անդոնյանին, սակայն ֆուտբոլիստը մերժել էր՝ պատճառաբանելով, որ ցանկանում է ակումբային խաղերի վրա կենտրոնանալ և հաստատվել թիմում: Նույն ժամանակահատվածում Գաել Անդոնյանը նաև հանդես էր եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:
Ա․Մ․