Հրանուշ Հակոբյան. Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․

Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ. նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով, այսօր հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր ղեկավարած նախարարության 2014 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելու ժամանակ։

Հանրապետական գործադիր մարմինների` 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, Կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը տեղի է ունենում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Հրանուշ Հակոբյանը փոխանցել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայի տարածաշրջաններից և Իրաքից սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:

Սփյուռքի նախարարը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի 50-ից ավելի երկրում գործող 61 հանձնախմբերը շարունակում են իրականացնել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համակողմանի աշխատանքները՝ կազմակերպելով տարբեր համաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, տեղի հասարակական, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ, հիշատակի արարողություններ և այլն:

Վարչապետը բարձր է գնահատել նախարարության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ շեշտելով, որ Կառավարությունը շարունակելու է հայապահպանությանն ուղղված աշխատանքները: