Ռուսաստանցիների 70 տոկոսը համարում է, որ երկրում ճգնաժամ կա. Հարցում

Մոսկվա, արխիվ

Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը համարում է, որ տնտեսական ճգնաժամ կա, որի հետևանքները զգում են իրենց վրա։ Սա է վկայում «Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցումները։

Որպես ճգնաժամի առկայության հիմնական փաստարկ՝ քաղաքացիները առաջին հերթին նշում են գների աճը և ինֆլյացիան։Այս երկու գործոնները նշում են հարցվածների ավելի քան 45 տոկոսը։

Հարցվածների 11 տոկոսից ավելին նշում է, որ վատթարացել է կյանքի մակարդակը, աշխատանքի վայրում կրճատումներ են կատարվում, 34 տոկոսի մոտ ընտանեկան ծախսերը ավելացել են։ 15 տոկոսը ասել է, որ ընտանիքի անդամներից մեկը սկսել է ավելի քիչ վաստակել կամ կորցրել է աշխատանքը։

Հարցվածների 15 տոկոսը ասել է, որ աշխատավարձը կամ նվազել է, կամ հետաձգումներով է ստանում։

«Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման մասնակիցների միայն 14 տոկոսը Ռուսաստանում ճգնաժամի նշաններ չի տեսել։ Հարցումները անցկացվել են փետրվարի 14-15-ը Ռուսաստանի 100 բնակավայրերում։ Նախորդ հարցման տվյալներով՝ հունվարին ռուսաստանցիների 61 տոկոսն էր ասում, թե երկրում ճգնաժամ կա։

Ռուսաստանի աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալներով ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկների քանակը երկրում 2 տոկոսով ավելացել է։

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը առաջարկել է քննարկել պատգամավորների աշխատավարձերը կրճատելու հարցը։ Նա նշել է, որ տարբեր կազմակերպությունների բյուջետային ծախսերը կրճատվում են, ուստի առաջարկել է քննարկել նաև պատգամավորների աշխատավարձը կրճատելու հնարավորությունը։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ բյուջետային ծախսերը կրճատելու նպատակով կառավարությունը իրավապահ մարմիններին առաջարկել է կամ կրճատել աշխատակիցների աշխատավարձը կամ 10 տոկոսին հանել աշխատանքից։ Հունվարի վերջին Ռուսաստանի կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրի համաձայն՝ դաշնային բյուջեն հոդվածների մեծ մասով պետք է կրճատվի տասը տոկոսով։ Բացառություն են կազմում երկրի պաշտպանությունը, գյուղատնտեսությունը և սոցիալական ապահովությունը, որոնց բյուջետային ծախսերը չեն կրճատվելու։

Անցած ամիս Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, ասել էր, թե երկրի տնտեսական իրավիճակը շատ ծանր է։