Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Այսօր Բաքվի Նասիմի շրջանի դատարանը հինգ ամսով երկարաձգեց ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը, փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նասիմի դատարանը, հիշեցնենք, 2014 թվականի սեպտեմբերին երկարաձգել էր նրա նախնական կալանքը՝ մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը։

Իրավապաշտպանը ձերբակալվեց անցած տարվա ամռանը։ Ադրբեջանի իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու և ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ։