Քոչարյան․ ՀՀԿ-ի մտադրությունները «չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախազգուշացնում է, թե «որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախազգուշացնում է, թե «որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը»:

Իր ոչ պաշտոնական կայքէջի՝ 2rd.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի աղմկահարույց ելույթից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ Քոչարյանը, մասնավորապես ասում է․ - «Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով»:

Երկրորդ նախագահը շարունակում է․ - «Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը»:

Անցած հինգշաբթի ելութ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կոչելով «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ», մասնավորապես հայտարարել էր․ - «Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել: Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից»:

Դիտարկմանը, թե թվում է, որ այս ամենն իսկապես կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը, և հարցին, թե արդյո՞ք իշխանությունները ելք ունեն դրանից, Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է․ - «Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Աազատության» խնդրանքով մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ վերջինիս հետևյալ խորհուրդը տվեց․ - «Խաղաղասիրական և հակասահմանադրական կոչերի փոխարեն պետք է ժամանակին ձեռնպահ մնային այդ մարդուն այս վիճակին հասցնելու համար, որ արդեն ինքը օրինախախտությունների ճանապարհով, անհնազանդության կոչեր անելով ցանկանում է հանրահավաքներ կազմակերպել: Ինձ թվում է դրա դրդապատճառները պարզ են, և իրենք պետք է ժամանակին կանխեին և ոչ թե հիմա խաղաղասիրական կոչերով հանդես գային»:

«Եթե ընդդիմության մտադրությունը նոր Մարտի 1 սարքելն է, ապա պարզ է՝ ինչ հակադարձ քայլեր կլինեն», - շարունակեց Բաղդասարյանը: - «Ինձ թվում է, որ իշխանությունը զգոն է և թույլ չի տա, որ պետական հեղաշրջման կոչեր անողները, անհիմն հեղափոխություններ կատարողները, սադրիչ գործողություններ անողները հանրահավաքներ կազմակերպեն նման ոճով: Եվ օրենքի սահմաններում դրանք ամեն ինչը կանխարգելելու ենք, որպեսզի մեր երկիրը ցնցումների չտանեն»:

Զրույցի ավարտին Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական ցնցումների հեռանկար չի տեսնում․ - «Ոչ: Դրանք ամեն ինչը հաշվարկված են, և մենք տիրապետում ենք իրավիճակին»: