Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստանում ԲՀԿ անդամին ծեծի ենթարկածների մասին տեղեկություն հայտնողներին

Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա հավելեց, որ Ծառուկյանն այսօր այցելել է Ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և հետաքրքրվել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով:

«ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար», - ասաց Իվետա Տոնոյանը: