7 ընտանիքներ կարող են համալրել «գերակա շահի» զոհերի շարքերը

Your browser doesn’t support HTML5

Երևանի կենտրոնում 70 տարի առաջ կառուցված շենքի բնակիչները երկու շաբաթ առաջ անակնկալ իմացել են, որ իրենց բնակարանների տեղում նոր հյուրանոց է կառուցվելու։

Թումանյան 25 շենքի բնակիչները քաղաքապետարանից գրություն են ստացել, որ շենքը գտնվում է անմխիթար վիճակում, համահունչ չէ շրջակա ճարտարապետական միջավարին, և առավել նպատակահարմար է Թամանյանի օրոք նախագծված շենքը ամրացնելու փոխարեն քանդել, տեղում հյուրանոց կառուցել։

Շենքն ունի 7 բնակարան։ Հարևանները համատեղ ջանքերով մի քանի տարի առաջ են բարեկարգել այն և վստահ են, որ քաղաքապետարանի հիմնավորումը պատրվակ է՝ քաղաքի սրտում գտնվող տարածքը ձեռք գցելու համար:

«Չորս տարի չէին մտածում քանդեն, հիմա նո՞ր են մտածում․․․ Չորս տարի, երբ որ լրիվ ներքևում լրիվ մկներն ու կատուներն էին վխտում, չէին մտածում, հիմա նոր են մտածում», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները նշում են, որ շենքը հյուրանոց դարձնելու մասին հունվարի 23-ին են տեղեկացել։

Քաղաքապետարանը, մինչդեռ, այս ընթացքում արագ է գործել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, քաղաքային իշխանությունները նշում են, որ արդեն դիմել են Կառավարություն՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու և «Ռենշին» ընկերությանը տրամադրելու համար։ Բնակիչներից Դավիթ Եղիազարյանը փաստում է՝ անմխիթար վիճակում է շենքի միայն առաջին հարկը, որը, ի դեպ, պատկանում է նույն «Ռենշին»-ին ընկերությանը։

Շենքի առաջին հարկում բնակիչներից մեկի ընտանեկան բիզնեսն է։ Գոհար Սիմոնյանի ընտանիքում տարակուսած են․ եթե իրենց վտարեն այստեղից, քանդվելու է նաև նրանց՝ տարիների աշխատանքի արդյունքում կառուցած ու արդեն իր հաճախորդներն ունեցող բարը։

«Մենք մեր տունը ամբողջը կապիտալ նորոգել ենք: Նույնը՝ մեր բարը: Ինքը շատ լավ աշխատում ա, դրանով մի քանի ընտանիք են ապրում: Մենք ընդհանրապես պատրաստ չենք այդ ամեն ինչից հենց այնպես հրաժարվել», - ասաց Գոհարը:

Անակնկալի եկած բնակիչներին փորձում է օգնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։

«Բանավոր խոսել եմ քաղաքապետի հետ: Քաղաքապետը ինձ ասաց, որ մինչև բնակիչների օրինական պահանջների հետ կապված համաձայնություն չլինի, և պայմանագիրը իրենք չստորագրեն, ինքը չի տալու շինթույլտվություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:

Թումանյան 25-ի բնակիչները, չնայած չեն ուզում թողնել հարազատ բնակարանները, սակայն հույս չունեն, որ կարող են հաղթել պայքարում՝ աչքի առաջ ունենալով Երևանի անցյալի փորձը․ - «Եթե իրենք նորմալ մեզ վերաբերվեն․․․ եթե հարմար գումար տան, ըստ երևույթին, պատրաստ ենք դուրս գալու: Որովհետև անհնար է պայքարելը: Ո՞վ չգիտի, որ այսօրվա դրությամբ, այս ղեկավարության, այս կառավարության դեմ պայքարն անզոր է»:

Որոշումը քննադատեց նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ «Քանի դեռ պատրաստ չէ Երևանի կենտրոնի վերաբերյալ հայեցակարգը՝ կենտրոնին ձեռք տալը սխալ է», - «Ազատությանը» ասաց նա: