Վրաստանի ՆԳ նոր նախարար է նշանակվում Վախթանգ Գոմելաուրին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել է Վախթանգ Գոմելաուրիին:

«Այդ պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել պարոն Գոմելաուրիին, ով մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Պարոն Գոմելաուրին աչքի է ընկնում պարկեշտությամբ և սկզբունքայնությամբ», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ղարիբաշվիլին:

Վախթանգ Գոմելաուրին 39 տարեկան է, ավարտել է Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ակադեմիան, 1994 թվականից ղեկավար պաշտոն է զբաղեցրել կառավարության պահնորդական հատուկ ծառայությունում, 2002 թվականին ծառայել է ՆԳՆ-ի պահնորդական ոստիկանությունում, մինչև 2013 թվականը գլխավորել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորը, 2013-ից աշխատել է որպես ներքին գործերի փոխնախարար, այս տարվա հունվարի 23-ին նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հրաժարականից հետո նախարարի պաշտոնակատարն է:

Հրաժարականի իր որոշումը Չիկաիձեն բացատրել է վերջին շրջանում իրեն ուղղվող մեղադրանքներով, թե քողարկում է 2006 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք հատուկ գործողության ժամանակ Զուրաբ Վազագաշվիլիի սպանության մասնակիցներին: