Եվրադատարանը կհրապարակի որոշում Տիմոշենկոյի գործով

Յուլիա Տիմոշենկոն ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2014թ․

Ուկրաինայի նախկին վարչապետը Մարդու իրավունքների եվրոպական դատարան երկու դիմում էր ներկայացրել դեռ 2011-ին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ նախապես հայտարարած ժամանակացույցի, այսօր` հունվարի 22-ին պետք է հրապարակի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով որոշումը:

Տիմոշենկոն 2011 թվականին Եվրոպական դատարան է ներկայացրել երկու դիմում: Առաջին դիմումով նա հիմնավորել է, որ իր իրավունքները խախտվել են քաղաքական դրդապատճառներով ձերբակալելիս, երկրորդով վկայակոչել է իր վերաբերյալ ուկրաինական դատարանի կայացրած դատավճռով խախտված օրենքները:

Տիմոշենկոն պնդում է, որ Ուկրաինայի կառավարությունն իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չորս հոդված: Ըստ դիմումի, Յանուկովիչի վարչակազմը խախտել է կոնվենցիայով երաշխավորված անձնական կյանքի և անձեռնմխելիության իրավունքը, ապօրինի կալանքի օրինականությունը վիճարկելու և արդար որոշման հասնելու իրավունքը, բացի այդ՝ ապօրինի կալանքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը և կոնվենցիայով չնախատեսված դեպքերում իրավունքների սահմանափակման սկզբունքը:

Տիմոշենկոն 2011 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ վարչապետի լիազորությունները գերազանցելով պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանքով:

Եվրոպական դատարան ներկայացրած դիմումի մեջ Յուլիա Տիմոշենկոն մանրամասն նկարագրել է, որ բանտարկության ժամանակ, երբ կտրուկ վատացել է առողջությունը, քրեակատարողական հիմնարկում համապատասխան և անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերել, չեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց այն դեպքում, երբ ունեցել է ալերգիա՝ բանտի սննդից, ստամոքսի, երիկամների և մի շարք այլ խնդիրներ:

Նախկին վարչապետը դեռ 2011 թվականին, լսելով դատավճիռը, դատարանում հայտարարել էր․ - «Մեղադրանքը կհերքվի, ես վստահ եմ, բայց դա չի լինի ուկրաինական դատարանում»:

Տիմոշենկոյին ազատազրկման դատապարտած դատավորի նկատմամբ անցյալ տարվա հուլիսին՝ Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո հայտարարվել էր հետախուզում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դատավորին մեղադրում է միտումնավոր անօրինական դատավճիռ կայացնելու մեջ։