Վեհափառը մտահոգություն հայտնեց Գյումրիի դեպքերի առնչությամբ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի և Շիրակի թեմի առաջնորդարանի միջև, և Մայր Աթոռը մշտապես իրազեկ է եղել և հետևել դեպքերի զարգացմանը:

Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար նշել է. - «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը»:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին…», - ասել է Վեհափառը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովվական ծառայության համար:

Ժողովի ավարտին աղոթք է մատուցվել Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հոգիների հանգստության և վիրավոր Սերյոժա Ավետիսյանի շուտափույթ ապաքինման համար: