Լարվածության աճ շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2 հազար կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն