Ուորլիք․ Առաջիկա շաբաթներին հնարավոր է նախարարների հետ հանդիպում

Ջեյմս Ուորլիք, արխիվ

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կարող է կայանալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ մասին APA լրատվական գործակալությանը ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն և կկարողանան քննարկել առաջ շարժվելու ուղիները», - հայտարարել է Ուորլիքը՝ շարունակելով․ - «Մենք հուսով ենք նաև, որ նախագահները կկատարեն 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը»:

Ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ համակարտության կարգավորումը բանակցությունների ճանապարհով հնարավոր է միայն կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում՝ միմյանց հետ աշխատելու համար:

«Տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատեսը դարձանք՝ ցանկացած բռնություն ճակատային գծի երկայնքով ստեղծում է լարվածություն, և դա կարող է հանգեցնել կողմերի միջև լարվածության վտանգավոր աճի», - ըստ ադրբեջանական գործակալության՝ ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նա ընդգծել է, որ որևէ ռազմական գործողություն կարող է ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը:

Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջան միջնորդների հերթական այցելության ժամկետները դեռ որոշված չեն: