Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխա

Your browser doesn’t support HTML5

Կասկածյալը 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող է:

Այսօր առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները` կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը:

Ավետիսյանների ընտանիքից կենդանի է մնացել միայն մի քանի ամսական թոռը՝ Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկին վիրահատել են, երեխան գտնվում է ծանր վիճակում:

«Վերջինս մանկահասակ երեխա է, երկու տարեկան: Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ երեխային վնասվածքները պատճառվել են կտրող-ծակող գործիքով: Նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանությունից, սպանվածների վրա հրազենային վնասվածքներ կան:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հաղորդմամբ, «մահացած անձանց դիակները գտնվում էին անկողիններում»:

Հարևաններից որևէ մեկը, ինչպես իրենք հայտնեցին «Ազատությանը», կրակոցի ձայն չի լսել, և ժամը 10-ի սահմաններում տանտիրուհու՝ տիկին Հասմիկի քույրն է հայտնաբերել իր հարազատներին գնդակահարված վիճակում:

Վեց ամսական Սերյոժային արդեն վիրահատել են, նա Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում է:

Հանցագործը փախուստի է դիմել:

Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է, ով այսօր մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից:

Սոնա Տռուզյանը «Ազատությանը» հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը, այդպիսով էլ հնարավոր է եղել պարզել զինծառայողի ինքնությունը: Հայտնաբերվել են նաև ԱԿ-74 ինքնաձիգը, 5․45 միլիմետր տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։

Հետախուզվող Վալերի Պերմյակովի լուսանկարը, որը հրապարակված է ВКонтакте սոցցանցում

​Միջոցներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ, Ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները, այնտեղ է ժամանել 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

Քաղաքի դպրոցների մոտ ուժեղացվում են անվտանգության միջոցառումները:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի խոսքով՝ կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը․ - «Քրեական գործով նախաքննությունը տեղափոխվել է Երևան՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն»: Ըստ Տռուզյանի՝ դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը և Վահագն Հարությունյանը:

«Հայտարարվել է միջոցառում, план перехват, ամբողջ մարզը փակված է, և բոլոր միջոցները ձեռնարկվում են հայտնաբերման համար», - լրագրողներին փոխանցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Ոստիկանությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի: Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ: Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:

Բացի Հայաստանի իրավապահներից՝ Գյումրիում շրջում են նաև զինված ռուս զինծառայողներ, ովքեր փնտրում են փախուստի դիմած Պերմյակովին: