2015 թվականին գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն գործարարների անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլև՝ մեր երկրի և տնտեսության, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ իր նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող 2014 թվականի դժվարությունների և անորոշությունների մի մասն ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել նաև գալիք տարում։
«Այստեղ չափազանց կարևոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարևորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի և կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով անցնող տարվա տնտեսական իրողություններին նախագահը շեշտել է, որ Հայաստանի բիզնես հանրությունը 2014 թվականին վատ չի աշխատել և հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները:
«Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի՛ գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, Ռուսաստանում և մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ», - նշել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով նաև Հայաստանի տնտեսության հեռանկարի մասին, նախագահն ասել է. - «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաև գիտենք, որ նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն և այդ ասելիքն ասելու են նաև նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով և նոր գաղափարներով», - ասել է նախագահը։