Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի շենքը

Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի քննչական կոմիտեից։

Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակումից հետո բերման ենթարկված Արշակ Սվազյանը դեկտեմբերի 15-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ:

Հովհաննես Շողիկյան