Բյուջեից 12 միլիոն դրամ կհատկացվի ռուսական զորքերի երկաթուղային բեռնափոխադրումների համար

Կառավարության այսօրվա որոշմամբ պահուստային ֆոնդից 12 միլիոն 297 հազար դրամ հատկացվեց՝ Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորքերի երկաթուղային բեռնափոխադրումների ծախսերը փակելու համար:

Գործադիրը այդ գումարը հատկացրեց Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի այն՝ իր հերթին փոխանցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:

Նշենք, որ այդքան գումարով կառավարությունը փակելու է 2014 թվականի միայն երրորդ եռամսյակում իրականացրած բեռնափոխադրումների ծախսերը:

Նոյեմբերի 6-ի որոշմամբ կառավարությունը հատկացրել էր 20 միլիոն 500 հազար դրամ՝ Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորքերի՝ 2014 թվականիերկրորդ եռամսյակում իրականացված երկաթուղային բեռնափոխադրումների ծախսերը հոգալու համար:

Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցրել մեր երկրում տեղակայված ռուսական զորքերի բեռների երկաթուղային տեղափոխման ծախսերը՝ Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրերով:

Սարգիս Հարությունյան