Էրդողանը Եվրամիությանը հորդորել է «սեփական գործերով զբաղվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր լրատվամիջոցներում կիրակի օրը իրականացված ոստիկանական գործողությունները պատասխան էին քաղաքական հակառակորդների «կեղտոտ ձեռնարկներին»:

Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը լրատվամիջոցների առնվազն 24 ներկայացուցչի էր ձերբակալել, որին հետևել էր Եվրամիության և ԱՄՆ-ի խիստ քննադատությունը:

Ձերբակալվածների թվում են Zaman օրաթերթի գլխավոր խմբագիրը, Samanyolu հեռուստատեսության ղեկավարը: Վերջիններս, ըստ թուրքական կառավարության, կապեր ունեն արևմտամետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հակառակորդն է:

Ձերբակալված անձինք կասկածվում են ահաբեկչության և սպառնալիքների օգտագործմամբ բանդա ձևավորելու միջոցով պետական իշխանությունը գրավելու փորձի, նաև զրպարտության և կեղծիքի մեջ:

Էրդողանը հեռուստատեսային ուղերձում Բրյուսելին կոչ է անել «սեփական գործերով զբաղվել»․- «Նրանք մամուլի ազատությունն են վկայակոչում, բայց այս ամենը ոչ մի կապ չունի դրա հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ի պատասխան՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ իրեն «անչափ զարմացրել է» Էրդողանի արձագանքը: