Ռուսաստանը հայտարարել է, որ սկանդինավյան օդանավի հետ բախման վտանգ չի եղել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Շվեդիայի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե իբր ռուսական զինուժի ինքնաթիռը գրեթե բախվել է Բալթիկ ծովի վրայով այդ պահին թռչող «Սկանդինավյան ավիաընկերության» քաղաքացիական օդանավի հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը թեև հաստատել է, որ իրենց օդուժի ինքնաթիռը եղել է Բալթիկ ծովի օդային տարածքում, սակայն 70 կիլոմետրից ոչ պակաս հեռավորության վրա է եղել սկանդինավյան ավիաընկերության օդանավից։ «Սկանդինավյան ավիաընկերության» ներկայացուցիչը ևս հաստատել է, որ ինքնաթիռների միջև անվտանգության տարածությունը չի խախտվել։