Պուտինի մտերիմ գործարարները միլիարդավոր դոլարների պետպատվերներ են ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանցի միլիարդատերերից մեկն ասել է, թե Ռոտենբերգն ու Տիմչենկոն մենաշնորհել են պետական գնումների ոլորտը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ գործարարները այս տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների պետպատվերներ են ստացել: Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի մեծահարուստները՝ Արկադի Ռոտենբերգը և Գենադի Տիմչենկոն այս տարվա մարտից մինչև հիմա 309 միլիարդ ռուբլու պետական պատվերներ են ստացել: Ռուբլու և դոլարի կուրսի միջինացված հաշվարկով դա հավասար է 8 միլիարդ 100 միլիոն դոլարի:

Արկադի Ռոտենբերգ

Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ ընդգծելով, որ 2014-ի մարտից մինչ հիմա Ռուսաստանի Դաշնության ամբողջ պետգնումների քսան տոկոսը տրվել է Ռոտենբերգի և Տիմչենկոյի ընկերություններին:

Ընդ որում, 2014 թվականին այս երկու գործարարները 12 տոկոսով ավելի շատ պետպատվեր են ստացել, քան նախորդ տարի: Երկուսն էլ համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտերիմ գործարարներ:

Bloomberg-ում ներկայացած հաշվարկները կատարվել են բաց աղբյուրների միջոցով՝ պետպատվերների կայքի ընկերությունների տվյալների բազայի հիման վրա:

Ռուսաստանցի միլիարդատերերից մեկը, ում անունը չի նշվում, ասել է, թե Ռոտենբերգն ու Տիմչենկոն մենաշնորհել են պետական գնումների ոլորտը:

Գենադի Տիմչենկո

Տիմչենկոյի և Ռոտենբերգի բիզնեսները հնարավոր է ավելի ծաղկեն․ մամուլը գրում է, որ նրանք կարող են ձեռք բերել երկարատև և հավակնոտ ծրագրերի պայմանագրեր՝ մասնավորապես «Սիբիրի ուժ» կոչված ծրագիրը, որը իրականացնելու է Ռուսաստան - Չինաստան գազատարի կառուցումը: Այս ծրագիրը ավելի քան 700 միլիարդ ռուբլի է գնահատվում:

Բացի այդ, հնարավոր է, որ Արկադի Ռոտենբերգի ընկերությունները ներգրավվեն Կերչից Ղրիմ կամուրջ կառուցելու ծրագրում, որի արժեքը 228 միլիարդ ռուբլի է գնահատվում:

Bloomberg գործակալությունը հիշատակում է Պուտինին մոտ կանգնած ևս մի գործարարարի՝ «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կովալչուկին: Արևմուտքը պատժամիջոցներ էր սահմանել նաև այս բանկի դեմ, ինչից հետո Ռուսաստանի նախագահը կարգադրել էր, որ իր աշխատավարձը այնտեղ փոխանցվի՝ այդպիսով հրապարակավ ցույց տալով իր աջակցությունը պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկին: