Բյուրեղավանի գիշերօթիկում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

Բյուրեղավանի գիշերօթիկը, նոյեմբեր, 2014թ․

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև գիշերօթիկի գլխավոր հաշվապահ Փ. Մարտիրոսյանին և կադրերի գծով տեսուչ Ա. Հովսեփյանին։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքումձեռք բերված ապացույցների համաձայն՝ Փ.Մարտիրոսյանը, աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, օժանդակել է հաստատության տնօրենին վստահված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում կատարելուն։ Այն է՝ 2004-2014 թվականների ընթացքում հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների անուններով ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը յուրացվել է տնօրենի կողմից:

«Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նա օժանդակել է նաև առանձնապես խոշոր չափերով գումարի վատնում կատարելուն, այն է` ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող 4 աշխատակցի, այդ թվում՝ իր երկու հարազատների անվամբ հաշվարկել և ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Ելքագրված գումարներից իր հարազատների անվամբ հաշվարկված գումարն ստացել է անձամբ, իսկ մնացած գումարը տրվել է ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար»:

«Կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի հանձնարարությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, պատրաստել է համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա տնօրենը հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող աշխատակիցների, որոնց անվամբ ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ այդպիսով օժանդակելով առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում և վատնում կատարելուն», - մասնավորապես ասված է հաստատության տարածած հաղորդագրության մեջ:

Գիշերօթիկի գլխավոր հաշվապահին և կադրերի գծով տեսուչին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու և առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: