ԱԺ նախագահ. Բաքվի սադրանքն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

«Ադրբեջանի լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին», - այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինուժի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցմանը։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանն ընդգծել է, որ ուղղաթիռի խոցումով խախտվել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը։

Ըստ ԱԺ նախագահի, Բաքվի այս քայլը ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

«Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից», - հայտարարել է Գալուստ Սահակյանը։