Աբրահամյանը պատրաստ է բանակցել համամասնական ընտրակարգի շուրջ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե ընդունում է ոչ իշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ, տեղեկացնում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական եռյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն էր հայտնել: Եռյակը, սակայն, մերժել էր Աբրահամյանի այս առաջարկը, նշելով, թե 12 կետերի շուրջ իմիտացիոն քննարկումների փոխարեն առաջիկայում նախատեսում են հրավիրել արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգը վերացնելու և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու հարցի շուրջ: