Ֆերգյուսոնում զանգվածային անկարգությունները շարունակվում են

Your browser doesn’t support HTML5

Միսուրի նահանգի Ֆերգյուսոն ավանում հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, հրկիզել են ավտոմեքենաներ, բնակելի տներ, առևտրի կենտրոններ, հիմնարկներ ու սրճարաններ։

Տեղի են ունեցել լուրջ ընդհարումներ վրդովված ամբոխի և կարգուկանոնը հաստատելու փորձեր կատարող ոստիկանների միջև։ Ավանում քաոս է, թալանվում են մեծ ու փոքր խանութներ, հնչում են կրակոցներ։

Միացյալ Նահանգներում հերթական անգամ հրատապ է դառնում ռասայական խտրականության թեման։ Միսուրիի նահանգապետի որոշմամբ՝ ավանի ոստիկաններին օգնելու համար Ֆերգյուսոն են գործուղվել ազգային գվարդիայի ջոկատները։

Զանգվածային անկարգությունների մասնակիցների գերիշխող մեծամասնությունը սևամորթ բնակիչներն են, նրանց զայրույթը հարուցել է սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնին արդարացնելու մասին դատարանի անցած գիշեր կայացրած վճիռը, ինչի մասին հայտնել է դատախազ Բոբ ՄքՔալլոքը։

Այս ողբերգական պատմությունը ամռանն է սկսվել։ Օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում ոստիկանական մեքենայով պարեկություն անող Ուիլսոնը նկատել է փողոցի երթևեկելի մասով քայլող երկու երիտասարդի, նկատողություն է արել, պահանջել է անցնել մայթ, երիտասարդները մոտեցել են մեքենային, սկսել են վիճել, հայհոյել, բաց պատուհանից հարվածներ հասցնել ոստիկանին։

Ուիլսոնը նրանց վրա ատրճանակն է պահել, երիտասարդները փախուստի են դիմել` ամեն մեկը տարբեր ուղղությամբ։

Ոստիկանը հետապնդել է Բրաունին, հասել է նրան և վեց անգամ կրակ արձակել։ Բրաունի ընտանիքը պնդում է, թե երիտասարդը ձեռքերը բարձրացրել է, ցույց տալով, որ այլևս չի դիմադրում, ոստիկանը պնդում է, որ երիտասարդը ագրեսիվ մտադրություն է դրսևորել։

Սևամորթ բնակիչները պնդում են, որ ոստիկանը թիկունքից է կրակել, սակայն դատաբժշկական երեք անկախ զննությունների արդյունքների համաձայն, գնդակները արձակվել են պատանու կրծքին։

Սևամորթի մահվան լուրն անմիջապես ալեկոծել է ավանը, նույն օրը տեղի են ունեցել բախումներ։

Օգոստոսի 15-ին կարևոր տեղաշարժ է եղել` Ֆերգյուսոնի ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որն ապացուցում է, որ սպանված Բրաունն իր ընկերոջ` Դորիան Ջոնսոնի ուղեկցությամբ, նախքան ոստիկանի հետ ճակատագրական վեճի բռնվելը, ներխուժել են փոքր խանութ, Բրաունը հարվածել է խանութպանին և գողացել է սիգարների արկղ։

Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը դատապարտել է տեսագրության հրապարակումը, ասելով, որ այն վարկաբեկում է գործում ներքաշված կողմերից մեկին և էլ ավելի է սրում ներհամայնքային լարվածությունը։

Ի դեպ, Բրաունի ընկերոջը` Ջոնսոնին մեղադրանք չի ներկայացվել, քանի որ նա գողություն չի կատարել։

Ոչ միայն Միսուրի նահանգն, այլ ամբողջ Ամերիկան է լարված հետևել դատական գործին։ Երդվյալ ատենակալներն անմեղ են ճանաչել սպիտակամորթ ոստիկանին, և հիմա ավանում, ըստ ոստիկանության պետ Ջոն Բելմարի, ավելի լարված վիճակ է, քան օգոստոսի 9-ին էր։

Զանգվածային ցույցեր են սկսվել Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Լոս Անջելեսում և մայրաքաղաք Վաշինգտոնում։

Նախագահ Բարաք Օբաման Ֆերգյուսոնի բնակիչներին հորդորել է խաղաղ ցույցերը չվերածել անկարգությունների և միաժամանակ ոստիկաններին զսպվածության կոչ է ուղղել։

«Մենք պարտավոր ենք ընդունել ատենակալների կայացրած որոշումը, կան ամերիկացիներ, ովքեր համաձայն են, կան ամերիկացիներ, ովքեր խիստ հիասթափված են, դա հասկանալի արձագանք է»,- ասել է նախագահը և ավելացրել.-«Մեր երկիրը հիմնված է օրենքի վրա, մենք պետք է ընդունենք դատարանի որոշումը»։

Հիասթափված ամերիկացիներից մեկը սևամորթների ակտիվիստ և իրավապաշտպան Ջեսսի Ջեքսոնն է։

«Ամեն քաղաքում կա իր Ֆերգյուսոնը, իր Մայքլ Բրաունը, մենք ուզում ենք վերջ տալ բռնությանը, դա ոստիկանների բռնությունն է ժողովրդի հանդեպ»,- ասել է իրավապաշտպանը։

Անկարգությունները Ֆերգյուսոնում շարունակվում են։