ԼՂ ՊԲ-ն հերքում է առնչությունը ադրբեջանցի զինվորի մահվանը

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի սպանության հետ Ղարաբաղի պաշտպանության բանակը որևէ առնչություն չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` այսօր «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է ժամկետային զինծառայող Ազիզով Ռուստամ Իզզեթ օղլուն։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ղարաբաղի պաշտպանության նախարարի խոսնակը նշում է, որ առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտողը ադրբեջանական կողմն է, ղարաբաղյան կողմը արձագանքում է խիստ հույժ դեպքերում։ Հասրաթյանը նաև նշեց, որ իրավիճակը շփման գծում շարունակում է լարված մնալ, ինչի պատճառով հայկական կողմին չի հաջողվում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին։

Խոցված ուղղաթիռի զոհերի մարմինները վերադարձնելու կոչով երեկ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները այս հարցի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել` ընդգծելով. - «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»:

Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում:

«Հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Փաստելով, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն իր թիմով այժմ գտնվում է տարածաշրջանում, Մինսկի խմբի միջնորդները քաջալերում են կողմերին օգտագործել նրա առաքելությունը` ուղղաթիռի անկման վայր մուտքն ապահովելու համար:

Այս հայտարարությունն Ադրբեջանում բավական կոշտ արձագանք գտավ։ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը այն որակեց սադրանք, անիմաստ և անտրամաբանական։

«Մինսկի խումբը սադրիչ բնույթի հայտարարություն է արել, իբր ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գտում։ Ուղղաթիռի անկման վայրը Ադրբեջանի տարածք է, և այն որպես ադրբեջանական տարածք ճանաչված է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ համանախագահ երկրների կողմից»,- ըստ APA գործակալության՝ Բաքվում հայտարարել է Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անմիջապես պարզաբանմամբ է հանդես եկել։

«Հստակեցնելու համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք: Կա «ոչ ոքի չպատկանող տարածք», որը բաժանում է զինված ուժերը»,- Թվիթերում գրել է Ջեյմս Ուորլիքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, որ Մինսկի խմբի հայտարարությունը ծառայում է հայկական կողմի շահերին։

«Դեպքի վայրում կրակը դադարեցնելու և տարածքը ականազերծելու միջնորդների կոչերը հիմքեր չունեն և ծառայում են հայկական կողմի շահերին։ Դա իրականություն կդառնա միայն մեկ դեպքում՝ եթե ՀՀ զինված ուժերը ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում։

ԵԱՀԿ ներկայացուցչին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր ադրբեջանական կողմի արգելքին արձագանքել է նաև պաշտոնական Վաշինգտոնը։ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան՝ Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն ասել է.- «Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ»։