Քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող ակտիվիստը լքել է Ադրբեջանը

Բլոգեր, ակտիվիստ Բախտիար Հաջիևը հարցազրույց է տալիս «Ազատության» ադրբեջանական ծառայությանը, արխիվ

Ադրբեջանական «Դրական փոփոխություններ» երիտասարդական շարժման առաջնորդ, բլոգեր Բախտիար Հաջիևը լքել է Ադրբեջանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով բլոգերի ֆեյսբուքյան էջի գրառումը։

«Երեկ ես լքել եմ Ադրբեջանը։ Ես կվերադառնամ այն ժամանակ, երբ այլևս չեմ վախենա Ադրբեջանում բնակվել, երբ քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանողները այլևս չեն դիտարկվի որպես «ազգի թշնամիներ», երբ Ադրբեջանում կդադարեն խոսել սպառնալիքների լեզվով, և երբ կհասկանան, որ ազգիս համար ես սպառնալիք չեմ», - գրել է բլոգերը։

Նա ընդգծել է, թե իրեն դժվար է համակերպվել այն մտքին, որ այլևս չի տեսնելու Բաքուն։

Այժմ ակտիվիստը գտնվում է հունական Սպարտա քաղաքում։