Հասան Ռոհանի. «Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի»

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, երեկ երեկոյան Բաքվում` Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այն իրադրությունը, որն այսօր առկա է Ղարաբաղում մեզ դուր չի գալիս: Մեր ցանկությունն է, որպեսզի այդ տարածաշրջանում արդարություն լինի, խաղաղություն, կայունություն և բարեկամություն հաստատվի: Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն հնարավորը այդ նպատակին հասնելու համար: Մենք նաև վստահ ենք, որ այս հարցը քաղաքական ճանապարհով պետք է լուծվի: Ղարաբաղյան հակամարտությունը, մեր համոզմամբ, ռազմական լուծում չունի», - հայտարարեց Ռոհանին:

Ադրբեջանի և Իրանի նախագահների ասուլիսը կայացավ հայկական «Մի-24» ուղղաթիռի կործանումից բառացիորեն մի քանի ժամ անց: 1994 թվականից ի վեր շփման գծում տեղի ունեցած աննախադեպ այս միջադեպից հետո հնչեցրած իր առաջին իսկ ելույթում Իլհամ Ալիևը կրկին պնդում էր, որ պաշտոնական Բաքուն կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները հետ բերելու համար` այդ թվում Իրանի օգնությամբ:

«Ադրբեջանի համար ամենակարևոր խնդրում` Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ ադրբեջանական հակամարտության լուծման հարցում, մենք մշտապես զգում ենք Իրանի աջակցությունը: Իրանի դիրքորոշումն այս հարցում հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա: Դուք գիտեք, որ այս հակամարտությունը արդեն քանի տարի է ինչ չի գտնում իր հանգուցալուծումը: Ադրբեջանի պատմական հողերը` Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները, շարունակում են մնալ հայկական զինված ուժերի օկուպացիայի ներքո », -հայտարարում էր Ալիևը` այս անգամ էլ հարևան Իրանի նախագահի ներկայությամբ հերթական անգամ խոսելով տարածքների 20 տոկոսի, մեկ միլիոն փախստականների և Խոջալուի մասին: Իրանի նախագահի հետ ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը կրկին մատնանշեց թե ինչպես են Բաքվում պատկերացնում խնդրի վերջնական կարգավորումը:

«Միանշանակ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով հակամարտության կարգավորումը ողջ տարածաշրջանին խաղաղություն է պարգևելու: Հակամարտության լուծման այլ ճանապարհ գոյություն չունի: Արդարությունն ու միջազգային իրավունքը պետք է վերականգնվեն: Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը», - հայտարարում է Ադրբեջանի նախագահը: