ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում

Your browser doesn’t support HTML5

26 իրավապաշտպան կազմակերպություններ ու անհատներ, փաստաբաններ բաց նամակով հարցեր են ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի թեկնածուներին ընտրած մրցութային հանձնաժողովին՝ նպատակ ունենալով պարզություն մտցնել մրցույթն ուղեկցող հակասությունների մեջ և լույս սփռել մրցութային գործընթացի մութ հատվածների վրա։

Բաց նամակ համահեղինակ «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ թեև որոշակի թափանցիկություն ապահովված էր, սակայն դա բավարար չէ:

Հանձնաժողովը, հիշեցնենք, ընտրել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, Հայաստանում գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանին և «Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից Արայիկ Ղազարյանին։

Արմեն Հարությունյանի դիմումի հետ է կապված թերևս այս գործընթացի ամենամեծ սկանդալը։ Մրցույթի օրինականության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը դեռ մրցույթի առաջին փուլում էր նշել, որ Արմեն Հարությունյանի և ևս երկու թեկնածուների անունները գրանցամատյանում հայտնվել են փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո։

Այս հայտարարություններին ի պատասխան հանձնաժողովի անդամների, դիմումատուների և պատկան մարմինների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը, ըստ Սոնա Այվազյանի, կասկածներ է առաջացնում․ - «Ուղղակի այդ հակասությունները հուշում են, որ ինչ-որ անօրինական գործընթաց է գնացել»:

Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պնդում է, որ իր դիմումը ժամանակին է հանձնել փոստ՝ վերջնաժամկետից մեկ օր առաջ։ Իսկ մրցութային հանձնաժղողովը նախագահի կողմից հաստատված մրցութային կարգին անդրադառնալով՝ մեկնաբանել է, որ փոստով ներկայացված դիմումների համար սեպտեմբերի 24-ը ամենևին էլ պարտադիր վերջնաժամկետ չի եղել: Այդ վերջնաժամկետը, հանձնաժողովի բնորոշմամբ, վերաբերել է միայն առձեռն հանձնվող դիմումներին։

Սակայն նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված մրցութային կարգում հատուկ կետ կա փոստով ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ, որում նշված է փաստաթղթերի ընդունման նույն 20-օրյա ժամկետը։ Ուստի բաց նամակի հեղինակները հարցնում են՝ ի՞նչ հիմքով է հանձնաժողովը մեկնաբանել նախագահի սահմանած մրցութային կարգը․ - «Մենք կարծում ենք, որ պիտի հանձնաժողովն ինքը մեկնաբանի: Միգուցե իրենք իրավունք ունեցե՞լ են»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով մրցութային հանձնաժողովի անդամներից է, այսօր հավաստիացրեց, թե Արմեն Հարությունյանը դիմումը ժամկետների մեջ է ներկայացրել՝ զերծ մնալով, սակայն, դիմումի ստացման օրվա և ժամի մասին տեղեկություններ հայտնելուց։

Իրավապաշտպանների և փաստաբաների բաց նամակը նախարարը դեռ չի հասցրել կարդալ։

Նրա խոսքով ՝ այս մրցույթի նման թափանցիկ մրցույթ երբևէ չեն անցկացրել․ - «Այսպիսի բաց, այսպիսի թափանցիկ, հրապարակային, հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մրցույթ մենք երկրում որևէ ոլորտում չենք ունեցել»:

Բաց նամակի պահանջներին միացած փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի վերաբերյալ կայացվող վճիռներում, ուստի կարևոր է, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը․ - «Փորձել են անցկացնել իրենց մարդուն և հերթական անգամ դա արել են»:

Մրցույթի հետ կապված վիճահարույց փաստերի վերհանումը, Աթանեսյանի կարծիքով, թեկուզ տեսական, սակայն փոքր հույս թողնում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի հաստատի այս թեկնածուներին։