Մամեդյարով․ «Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում դրական է»

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Ես կասեի, որ փարիզյան հանդիպման նշանակալից արդյունքներից մեկը Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված կոչն էր՝ սկսելու աշխատանքները խաղաղության մեծ համաձայնագրի վրա: Ադրբեջանը բազմիցս ասել է, որ պատրաստ է այդ աշխատանքին», - չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ գնահատելով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցով Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը նշել է, որ նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում ընդհանուր առմամբ դրական է:

Հակամարտության կարգավորման առաջընթացի համար նման հանդիպումները օգնում են հասկանալ հակառակ կողմի տրամադրությունները, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ նշելով, որ փարիզյան հանդիպմանը բանակցությունները ընթացել են մի քանի փուլով: Քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ դեռևս չի հաջողվում առաջընթացի հասնել:

«Նախագահ Ալիևը հերթական անգամ ներկայացրել է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է հայկական զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի այս պահանջը կատարվելու դեպքում լայն հնարավորություններ կբացվեն տարածաշրջանի անվտանգության, սահմանների և հաղորդակցության ուղիների բացման, վստահության ամրապնդման միջոցների հարցերը համաձայնեցնելու համար, հավաստիացրել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Եթե հայկական զորքերը չլինեն մեր հողում, կվերանա նաև դիպուկահարների անհրաժեշտությունը, նշանակալից կնվազեն միջադեպերը, մենք խաղաղություն կկառուցենք ու կզարգացնենք տարածաշրջանը», - ասել է Մամեդյարովը: