Վարչապետ. 2015-ի բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովում մեկնարկել են բյուջետային քննարկումները։ Կառավարության թիրախը խոշոր բիզնեսն է, ասում է վարչապետը։

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի, Ազգայն ժողովում ներկայացնելով 2015-ի անելիքները՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով, դրա մասին վկայում է այն հանգամանքը, որ հաջորդ տարվա բյուջետային ծախսերի շուրջ կեսը բաժին են ընկել սոցիալ-մշակութային բնագավառին։

Նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184.5 միլիարդ դրամ, ծախսերը՝ առավել՝ 1 տրիլիոն 298.6 միլիարդ դրամ: 114.1 միլիարդ դրամի դեֆիցիտը, կառավարության ղեկավարի հավաստմամբ, հաղթահարելի է։ Տնտեսական աճը, գործադիրի հաշվարկներով, հաջորդ տարի կկազմի 4.1 տոկոս, գնաճն էլ խոստանում են պահպանել 4 տոկոսի շրջակայքում։

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու»,- ասաց վարչապետը։

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում հաշվարկված եկամուտները, անցած տարվա համեմատ, շատ բարձր չեն՝ ավելի են 4.3 տոկոսով: Աբրահամյանն ասում է՝ ծախսելու են այնքան, որքան ունեն, անկախ նրանից՝ ինչի կարիք կա, որովհետև, ըստ վարչապետի, եթե պատգամավորների բոլոր առաջարկները գումարեն, կարող է ստացվել մոտավորապես Ֆրանսիայի բյուջեին հավասար մի թիվ:

«Խնդրանքս այն է, որ զերծ մնանք բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, չբերենք այս դահլիճ հրապարակի կրքերը»,- ասաց Աբրահամյանը։

Վարչապետն ասաց՝ որպես իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, հստակ կարծիք ու դիրքորոշում ունի կատարվող գործընթացների վերաբերյալ։ Խոսքը թերևս ոչ իշխանական ուժերի պայքարի էր վերաբերում, բայց նա այսօր ձեռնպահ մնաց իր կարծիքը հնչեցնել:

Վարչապետը կարծում է՝ բյուջեի քննարկումները պետք է զուրկ լինեն գաղափարական և քաղաքական բանավեճերից։ Ի դեպ, ոչ իշխանական խորհրդարանական ուժերը նախագծի քննարկման առաջին հատվածում կառավարության համար սահուն ներկայացում ապահովեցին՝ թողնելով գործադիրին առանց անհարմար հարցերի։

Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարարներին մինչև այս տարվա հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու ժամանակ էր տվել։ Դատելով այսօր խորհրդարանում հնչեցրած հայտարարություններից՝ պայքարը հաջող ավարտ չի ունեցել, ուստի կշարունակվի նաև հաջորդ տարի։

«Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ»,- ասաց նա։

2015-ի բյուջեի նախագծում որևէ խոսք չկա Եվրասիական տնտեսական միության մասին։ Ֆինանսների փոխնախարարն ասաց՝ փաստաթուղթը պատրաստելիս պայմանագիրը դեռ ստորագրված չէր, այդ բացն ավելի ուշ կլրացնեն ու այդ ժամանակ միայն ժողովրդին կասեն՝ ԵՏՄ-ն մեզ նաև գնաճ «կպարգևի»։

«Դրական է ազդելու ՀՆԱ-ի իրական աճի վրա, որովհետև լրացուցիչ մուտքային մաս ենք ունենալու, եկամտային մասին վրա նույնպես դրական ազդեցություն է ունենալու, գնաճի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն»,- ասաց փոխնախարարը։

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստարագրելիս Հայաստանը հաշվի չի առել Ռուսաստան-Արևմուտք սրված հարաբերությունները, մինչդեռ չանդամակցած արդեն մեր տնտեսությունը, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, զգում է այդ լարվածության բացասական ազդեցությունը։

«Չի կարող երկիրը որևէ միություն մտնելու դեպքում, եթե միության անդամներից մեկը ինչ-որ դժվարություններ ունենա, անմիջապես դուրս գա այս միությունից»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ բացառելով, որ պատժամիջոցների ազդեցությունը զգալու դեպքում էլ Հայաստանը դուրս կգա ԵՏՄ-ից։

Անդրադառնալով 2015-ին 4.1 տոկոս տնտեսական աճ կանխատեսելու փաստին՝ այն պայմաններում, երբ դեռ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը իրականություն չի դարձել՝ փոխնախարարն ասաց.- «Կարող են մեղադրել կառավարությանը, որ ինքը իր համար հատուկ մոդել է գնահատել, հետո չի կարողանում բացատրել, թե ինչու է այդ մոդելը ընտրել... բայց եթե միջազգայնորեն ընտրված մոդելներով ինչ-որ ցուցանիշ հաշվվում է, հետագայում արդյունքները այլ են լինում, մնում է բացատրել, թե ինչ գործոններ եղան, որ այդ մոդելի մեջ արտացոլված չէին, և այդ գործոնների հետևանքով ցուցանիշները այլ ստացվեցին։ Թե չէ Վանգան էր լավ, թե մյուսը... այդ դաշտի քննարկումները բյուջեին որևէ տեղ չեն տանի»։