Հայ ծանրորդները Ղազախստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Ալմաթիում հայ 14 ծանրորդները կպայքարեն նաև 2016-ի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեկնել է Ղազախստան՝ պատրաստվելու, ապա մասնակցելու Ալմաթիում նոյեմբերի 4-16-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Ալմաթիում հայ 14 ծանրորդները կպայքարեն նաև 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար:

Հայ ծանրորդները մրցահարթակ դուրս կգան նոյեմբերի 8-ից՝ հետևյալ քաշային կարգերում․ Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան և Արա Խաչատրյան (77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան և Ռուբեն Ալեքսանյան (105+ կգ):

Կանանց պայքարում մեդալներ կփորձեն նվաճել Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Ղազախստանն առաջին անգամ է հյուրընկալում 1891 թվականից անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Վերջին տարիներին մեծահասակների աշխարհի առաջնություններում Հայաստանը տվել է չեմպիոններ․ 2010-ին Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը Թուրքիայում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց 77 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը` երկամարտում հավաքելով 373 կգ, Նազիկ Ավդալյանը 2009-ին Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոնուհի մինչև 69 կգ քաշային կարգում՝ երկամարտում բարձրացնելով 266 կգ:

Հայաստանի պատվիրակությունները տարիների ընթացքում կարողացել են նվաճել 14 մեդալ՝ 2 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե:

Այս տարի աշխարհի առաջնությունում կպայքարեն 683 մարզիկներ 75 երկրներից:

Անի Մեջլումյան