Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվեց նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, արխիվ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը այսօր Հայաստանի նախագահին է ներկայացրել հանձնաժողովի երեկվա նիստում հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հանձնաժողովի քարտուղարության հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացվել նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում, մասնավորապես, նշված է. - «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր և հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կստեղծի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ: Բարեփոխումների նպատակները և արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին»: Վենետիկի հանձնաժողովը, միաժամանակ, ընդգծում է, որ «թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում»: Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ «հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նաև հրապարակել է բարեփոխումների հայեցակարգը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակն ու ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am): Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաև Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում (www.venice.coe.int):