Գալուստ Սահակյան․ քառյակի հետ բանակցությունների «անհրաժեշտություն» չկա

Your browser doesn’t support HTML5

Գալուստ Սահակյան․ քառյակի հետ բանակցությունների «անհրաժեշտություն» չկա

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վստահեցրեց, որ իշխանությունները չեն պատրաստվում երկխոսության, բանակցությունների մեջ մտնել ոչ իշխանական քառյակի հետ:

Ծաղկաձորում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նշեց, թե իրենց համար պարզ չէ, թե Հանրապետականից ինչ են սպասում ոչ իշխանական քառյակում:

«Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք․ պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որևէ մեկդ կարո՞ղ եք ձևակերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին մենք ենք լինելու, մենք էլ ասում ենք, որ առանց մեր դերակատարման որևէ բան մի փորձեք անել, դա չի ստացվի: Մենք էլ ենք քաղաքական ուժ և մեծ դերակատարում ունենք: Այսինքն, եթե քաղաքական պրոցեսներ են գնում մեր մասնակցությունը նշանակալից է», - ասաց Գալուստ Սահակյանը:

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանական ուժերի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկիրը աղետից փրկելու համար անհրաժեշտ են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ հավելով․ - «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք»:

«Բանակցություններ վարում են այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա: Ես կարծում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր են, առանձին-առանձին խնդիրներ ունեն: Մի մասը գտնում են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պիտի չլինի, որովհետև մի անգամ էլ իրենք են ուզում նախագահ դառնալ: Մյուս մասն ասում են՝ էդ ճանապարհը լավ է, ինչ- որ մեկը մեզնից նախագահ կլինի, մենք էլ արդեն կորցրել ենք մեր քաղաքական դեմքը, ինչ-որ կերպ կշահենք․․․ էսպես շարունակ: Հենց դա է պատճառը, որ բանակցությունների մասին ո՛չ խոսք է եղել, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա, և ինչի՞ շուրջ պիտի բանակցենք», - հավելեց Ազգային ժողովի նախագահը:

«Հասարակության համար այդպես էլ հայտնի չդարձավ, թե վերջին հաշվով ընդդիմադիր ուժերը, որոնք միախմբվել են, ո՞ր ուղղությունով են գնալու: Ամեն մեկը թելադրում էր իր ուղղությունը», - շարունակեց նա՝ հավելելով, որ ըստ էության ԲՀԿ-ն սեփական տեսակետ այդպես էլ չներկայացրեց հասարակությանը, և դրանից օգտվեցին, ավելի համարձակ դարձան «փոքրիկ ընդդիմադիր խմբակները»:

«Անհեթեթ եմ համարում փոխել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարին»

Մոտ երկու շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, չնայած հայկական պատվիրակության ընդդիմությանը, Ադրբեջանը կարողացավ հասնել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի հաստատմանը:

Մամուլը սկսեց գրել, թե նման անհաջողությունից հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին կարող են փոխել:

«Դա անհեթեթ եմ համարում, որովհետև վերջին հաշվով 4 հոգով 500 հոգու դեմ ոչինչ անել չեն կարող: Առավել ևս յուրաքանչյուր պետություն իր խնդիրներն ունի, և մասնավորապես Եվրոպան ականջալուր էլ չի այդքան ԵԽԽՎ-ին», - համոզմունք հայտնեց խորհրդարանի նախագահը:

Մաքսակետի հարցն անորոշ է

Դեռ հուլիսին «Ազատության» հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո բացառվում է մաքսակետի տեղադրումը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:

Մինչդեռ, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագրով միության անդամ է դառնում միայն Հայաստանի Հանրապետությունը:

«Ազատության» հարցին, թե այժմ ի՞նչ է մտածում, ԱԺ նախագահն արձագանքեց․ - «Այսօր էլ մենք, ենթադրենք, Առևտրի կազմակերպության [Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ] մեջ ենք գտնվում, Ղարաբաղը էնտեղ չի, բայց մեզ հետ հավասար այդ գործառույթներից օգտվում է: Այնպես որ, մաքսակետ լինի, չլինի, էդ խնդիրները ինձ համար կամ մեր քաղաքական թիմի համար քննարկելի չեն, որովհետև Ղարաբաղին որևէ վտանգ այդ առումով չի կարող․․․ Եվրասիական միությունից օգտվելու է Հայաստանը, իսկ Հայաստանը առանց Ղարաբաղի որևէ տեղից ո՛չ օգուտներ է փորձում քաղել և ո՛չ էլ վնասներ»:

Վերջում նշենք, որ Ազգային ժողովի նախագահն այսօր Ծաղկաձորում էր՝ մասնակցելու ԴԱՀԿ կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով միջազգային համաժողովին: