Foreign Policy. «Վրաստանն առաջարկում է իր տարածքում տեղակայել սիրիացի ապստամբների ուսումնական ճամբարը»

Սիրիացի ապստամբները կառավարական ուժերի հետ մարտերի ժամանակ, արխիվ

Ըստ ամերիկյան հանդեսի՝ Թբիլիսիի ջանքերը նպատակ ունեն է՛լ ավելի սերտացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ:

Սիրիացի ապստամբներն առաջիկայում կարող են ռազմական գործի հմտություններին ծանոթանալ Վրաստանի տարածքում: Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը պնդում է, որ պաշտոնական Թբիլիսին առաջարկել է Միացյալ Նահանգներին Վրաստանի տարածքում հատուկ ճամբար տեղակայել` սիրիացի ապստամբների զինվորական վարժանքները կազմակերպելու համար:

Հատուկ ընդգծենք, որ խոսքը սիրիական զինված ընդդիմության արևմտամետ հատվածի մասին է, որի ներկայացուցիչները, ըստ ամերիկյան ծրագրերի, առաջիկայում պետք է պայքար ծավալեն երկու ճակատով` թե՛ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի և թե՛ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:

Foreign Policy-ի տեղեկություններով՝ սիրիացի ապստամբների ուսումնական ճամբարը Վրաստանի տարածքում տեղակայելու առաջարկը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվել է սեպտեմբերի սկզբին` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելի Թբիլիսի այցի ժամանակ:

«Նման առաջարկով վրացական կողմն իրոք հանդես եկել է, բայց հարցը դեռ քննարկման փուլում է», - Foreign Policy-ին է փոխանցել Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն:

Վրաց դիվանագետը, ի դեպ, նշել է, որ Վրաստանում ստեղծվելիք այս ճամբարը կարող է վարժանքներ կազմակերպել ոչ միայն սիրիացի ապստամբների համար: «Հնարավոր այս ծրագրի ընդհանուր ծավալը դեռ հստակ չէ, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանը կարող է և չսահմանափակվել միայն սիրիացի մարտիկներով, ովքեր մարտնչում են ընդդեմ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման: Դա կարող է հակաահաբեկչական վարժանքների կենտրոն դառնալ ցանկացած պետության համար», - նշել է Գեգեշիձեն:

Foreign Policy-ի հոդվածագիրը նաև հիշեցնում է,որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաջին պետությունն էր, որ ցանկություն հայտնեց մաս կազմել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ ձևավորվող միջազգային կոալիցիային: Ամերիկյան հանդեսի պնդմամբ՝ Վրաստանի այս բոլոր ջանքերը նպատակ ունեն է՛լ ավելի սերտացնել կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` հետագա անդամակցության հույսով:

«Չնայած Վրաստանի `սիրիացի ապստամբներին ուղղված հրավերին, քիչ հավանական է, որ այդ երկիրը մոտ ապագայում, իսկ գուցե նաև երբևիցե դաշինքին անդամակցելու հրավեր ստանա», - գրում է Foreign Policy-ն` հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Հանդեսը նաև մեջբերում է սիրիացի ապստամբների ճամբարի տեղակայման մասին լուրերին Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական արձագանքը:

«Միջազգային գործընկերների և կոալիցիայի անդամների հետ միասին տարբեր քայլեր են քննարկվում, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանում ահաբեկչության վտանգի չեզոքացմանն ու ժողովրդավարական զարգացումն ապահովելուն: Այդ միջոցներից և ոչ մեկը, սակայն, չի նախատեսում վրացական զորքերի տեղակայումը պատերազմական գոտում: Ինչ վերաբերում է վերջնական որոշմանը, ապա այն կայացվելու է ամենաբարձր քաղաքական մակարդակում», - տեղեկացնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը: