Նալբանդյան. ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը «շուտով կիրականացվի»

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը, և շուտով դա կիրականացվի»,- ասել է նախարարը։

Նալբանդյանը նաև խոսել է անցած տարի Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասին՝ ասելով, որ Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ երկուստեք վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը։

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքները այս ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանը նաև հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի հետ։

«Հայաստանի մոտեցումը առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Մենք ջանում ենք խորացնել փոխգործակցությունը եվրոպական, ասիական, լատինամերիկյան, արաբական, աֆրիկյան երկրների հետ, ընդլայնելու մեր երկրի փոխհարաբերությունների աշխարհագրությունը։ Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում մենք շարունակել ենք հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։