Թուրքիան վերահաստատում է իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու

«Որպես Թուրքիայի վարչապետ ու թուրք ժողովրդի ներկայացուցիչ՝ հավաստիացնում եմ, որ Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական վերջին թիզ հողը չազատագրվի», - այսօր հայտարարել է Ահմետ Դավութօղլուն՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Դավութօղլուն կրկին պնդել է՝ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել, Հայաստանը դուրս կմնա համագործակցության բոլոր ծրագրերից, և Թուրքիան կանի «ամեն հնարավորը՝ այդ հարցում Ադրբեջանին աջակցելու համար»։

Թուրքիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Դավութօղլուն հարգանքի տուրք է մատուցել շփման գծում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակին:

«Ուզում եմ հավաստիացնել՝ Ադրբեջանին հասցված ամենաչնչին ցավն անգամ հարված է Թուրքիայի սրտին: Թուրքիան պատրաստ է արձագանքել Ադրբեջանի նկատմամբ ցանկացած անարդարության», - հայտարարել է Դավութօղլուն՝ հավելելով․ - «Մենք տարբերություն չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ծառայել Ադրբեջանին՝ նշանակում է ծառայել Թուրքիային, և հակառակը»։

Ադրբեջանի առաջնորդը ևս խոսել է օկուպացված տարածքների, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին ու քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը․ - «Ցավոք, միջնորդների ջանքերը որևէ արդյունք չեն տալիս, և Հայաստանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, և ես վստահ եմ՝ կգա օրը, երբ մենք ամբողջովին կվերականգնենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Թուրքիայի վարչապետը Բաքու է ժամանել, իր ձևակերպմամբ, վիթխարի ծրագրի իրագործմանը՝ «Հարավային գազային միջանցքի» բացմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա վաղը։

«20 տարի առաջ այս նույն օրը մենք ստորագրեցինք «դարի պայմանագիրը», իսկ հիմա տալիս ենք 21-րդ դարի ծրագրի մեկնարկը», - ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Երկու ղեկավարները նշել են, որ մտադիր են խորացնել համագործակցությունը ոչ միայն էներգետիկայի, այլև պաշտպանության ոլորտներում․ - «Պաշտպանական արդյունաբերությունը հատուկ ռազմավարական ոլորտ է թե՚ Թուրքիայի, թե՚ Ադրբեջանի համար, և մենք հաստատակամ ենք այստեղ մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում»․ - ասել է Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիայի նախկին արտգործնախարարն ու ներկայիս վարչապետը բարձր է գնահատել նաև երկու երկրների համագործակցոթյունը միջազգային ասպարեզում․ - «Ես հպարտ եմ, որ այժմ Ադրբեջանը նախագահում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Հոկտեմբերին այդ նախագահությունը կստանձնի Թուրքիան, և կիսալուսնով ու աստղով մի դրոշը կփոխարինվի մյուսով»։