Սահմանադրական բարեփոխումների մասին «սուտ պատկեր չի կարելի ստեղծել»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այս փուլում «լուրջ չի համարում խոսել» սահմանադրական բարեփոխումների մասին:

«Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու», - ասել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով Zham.am-ի լրագրողի հարցին:

Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում, Ծառուկյանը հակադարձել է․ - «Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել»:

«Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման», - ասել է նա:

Արձագանքելով իր քաղաքական հակառակորդների հայտարարություններին, թե Ծառուկյանը երբեմն հանդիպումներ է ունենում իշխանության որոշ ներկայացուցիչների հետ՝ ԲՀԿ առաջնորդը, ով երեքշաբթի օրը մամուլում բազմաթիվ քննարկումների թեմա դարձած հանդիպում էր ունեցել նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ասել է․ - «Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թե՛ արմատական ընդդիմության հետ, թե՛ հասարակական ակտիվիստների, թե՛ քաղաքագետների, առաջին և երկրորդ նախագահների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և ես դա համարում եմ շատ կարևոր: Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ»:

Պատասխանելով ներքաղաքական օրակարգի մեկ այլ կարևորագույն հարցի՝ խորհրդարանական ուժերի քառյակի մասին հարցին, մասնավորապես, թե որո՞նք են լինելու անձամբ իր քայլերը, Ծառուկյանը նշել է․ - «Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու: Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով»: