Ռուսաստանի պատժամիջոցն՝ ընդդեմ Ռուսաստանի

Ռուսաստանում մրգերի ու բանջարեղենի գներն աճել են:

Ռուսաստանում աճել են պարենային ապրանքների, մրգերի ու բանջարեղենի գները։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ռուսաստանի իշխանություններն արգելեցին մեծ քանակի սննդամթերքի՝ տավարի, խոզի, թռչնամսի, ձկնեղենի, կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի ներկրումն այն բոլոր պետություններից՝ ԱՄՆ, Եվրամիության երկրներ, Ավստրալիա, Կանադա և Նորվեգիա, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Ռուսաստանի պատժամիջոցների տակ են ընկել հատկապես Եվրամիության անդամ այն երկրները, որոնք սահամանակից են Ռուսաստանին, ինչպես, օրինակ, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Ֆինլանդիան և Էստոնիան։ Պատժամիջոցների սահմանումը, առաջին հերթին, նպատակ ուներ հարված հասցնել արևմտյան արտադրողներին, սակայն, տնտեսագետների կանխատեսումներով, պատժամիջոցները լուրջ հարված կարող են հասցնել հենց ռուսաստանցի սպառողներին. Ռուսաստանն իր սննդամթերքի 40 տոկոսը ձեռք է բերում ներկրման հաշվին։

Ուշագրավ է, բայց մոսկվացիները «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել են, որ այնքան էլ մտահոգված չեն կամ պարզապես տեղյակ չեն, որ գները բարձրացել են։ Հարցվածների մեծ մասը նշել է, որ թանկացումներ չի նկատել, բայց եղել են մարդիկ, ովքեր ասել, են՝ կտրուկ աճ է նկատվում թռչնամսի ու մսի գներում։

Հարցին, թե պատժամիջոցներն իրենց չե՞ն անհանգստացնում, ռուսաստանցիները քմծիծաղով պատասխանել են. - «Բացարձակ չի անհանգստացնում. Ռուսաստանը հզոր և կարող երկիր է, և ինչ-որ պատժամիջոցներ...»։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Արևմուտքում արտադրված սննդամթերքի ներկրման արգելումը կխթանի տեղական՝ ռուսական արտադրությանը։ Փոխարենը տնտեսագետներն են մտահոգված. ասում են՝ սննդամթերքի ներկրման արգելքը կարող է հանգեցնել գնաճի ու դա իր հերթին էլ կբերի սղաճի և տնտեսության զրոյական աճի։

Ռուսաստանը հույս ունի նաև, որ սննդամթերքի այս պակասը կարող են լրացնել իր դաշնակից երկրները, այդ թվում՝ Հայաստանը։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն արդեն դիմել է Հայաստանին՝ առաջարկելով մեծացնել Ռուսաստան ներկրվող սննդամթերքի ծավալները։

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ արդեն հայ գործարարներին կոչ է արել «ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից»` ակտիվացնել համագործակցությունը այդ երկրի հետ։