Կառաջարկվեն արտոնություններ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր վեց խմբակցությունները պատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել Կառավարությանը:

Ըստ այդմ՝ սահմանամերձ համայնքների բնակիչները կազատվեն կոմունալ, ոռոգման ջրի վճարներից, դպրոցականներին անվճար դասագրքեր կտրամադրվեն, կավելացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, կլուծվի ճանապարհների, բուժկետերի բարեկարգման խնդիրը:

Պատգամավորներն այս առաջարկները հավաքել են անցած շաբաթավերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կատարած երկօրյա այցելության ժամանակ բնակիչների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում:

Կառավարությունում տեղյակ են պատգամավորների առաջարկներից և, ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատրաստ են մեկ ամսվա մեջ ընթացք տալ դրանց․ - «Սահմանամերձ գյուղերում ինչպես մարտիկներ, զինվորներ, նրանք այդպես են գոյատևում: Եվ ինձ թվում է, որ նրանց պետք է լուրջ արտոնություններ տալ»:

Բաղդասարյանն ասաց, որ մտածում են նաև ներդրողներին արտոնություններ տալ սահմանամերձ համայնքներում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե մի քանի սահմանապահ գյուղի սոցիալական բեռը թեթևացնելը դժվար գործ չէ․ - «Մի քանի գյուղ է ընդամենը, որ մշտական այդ ռմբակոծությունների, վտանգների տակ է: Ու պատկերացնում եք, որ նման գյուղում, ասենք, չկա խմելու ջուր, կամ չկա ճանապարհ կարգին, չեն լուծվում սոցիալական խնդիրները, սոցիալական նպաստները նույնն են, ինչ որ Երևանում: Դա աբսուրդ է․․․ Որովհետև այս մի քանի գյուղը պահում են ամբողջ ազգին: Բնական է, որ ամբողջ ազգը պետք է պահի այդ մի քանի գյուղը»:

Շաբաթավերջին սահմանամերձ գյուղեր այցելած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր դիտարկումներն ընդհանրացրեց՝ ասելով․ - «Բարձիթողի վիճակ է․․․ Ուղղակի սա պետք է չկապել բյուջեի հետ, որևէ բանի հետ չկապել: Այս պահին դա հրատապ անհրաժեշտություն է»:

Հանրապետականը ձեռնպահ մնաց նախաձեռնության մոտավոր արժեքը նշելուց: Ռուբիկ Հակոբյանը, մինչդեռ, իր հաշվարկներն ունի․ - «Մաքսիմում կպահանջվի երկու միլիոն դոլար, որը, ըստ էության, կազմում է ստվերային տնտեսության ընդամենը մեկ տոկոսը»:

Մինչև հիմա օրենսդրորեն հստակեցված չէ, թե որն է սահմանամերձ համայնքը: Վահրամ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ առաջիկայում Պաշպանության նախարարության հետ համագործակցելով այդ ձևակերպում ևս կտան:

Ընդդիմադիրները վստահ են, որ Հանրապետականի հետ որոշ հարցերում համագործակցությունը չի կաշկանդի իրենց վճռական քայլերի դիմելու հարցում: Զուրաբյանի խոսքով՝ եթե այս իշխանությունը պահպանվի, ռազմաճակատում վաստակած անդորրը չի կարող շատ երկար պահպանվել․ - «Հենց հանուն անվտանգության, հենց հանուն մեր սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի խաղաղության, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս ռեժիմը ինչքան հնարավոր է շուտ փոխվի և Հայաստանում ձևավորվի լեգիտիմ, արդյունավետ իշխանություն, որը զբաղվելու է երկրի զարգացմամբ»:

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ սահման վերջին այցելությունից հետո համոզվել են, որ համակարգային իշխանափոխության խնդիրը պետք է դրվի, քանի որ այսօրվա իշխանությունը քաղաքական կամք չունի երկրում իրավիճակը փոխելու համար․ - «Սահմանամերձ այդ շրջանից վերադարձել ենք և վաղը ավելի իրավունքով կարող են ասել, որ դուք իրավունք չունեք շարունակել այն, ինչ մինչև այսօր արել եք»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջները ընդդիմադիրները չեն հորինել․ - «Այդ 12 կետերը, ինձ թվում է, որ մեծ մասը վերցված է Կառավարության ծրագրից, մեր դիրքորոշումներից: Եվ մենք նորից ենք կրկնում՝ ոչ թե նրանք պարտադրում են, այլ նրանք կարող են առաջարկել ընդամենը: Եվ մենք բոլոր հնարավորության սահմաններում դրանք աշխատում ենք կյանքի բերել»: