«Ազատության» ռեպորտաժի հերոսներից մեկն արդեն տուն ունի, մյուսը շուտով կհայտնվի փողոցում

Your browser doesn’t support HTML5

Այս երկու պատանիների ընտանիքներում էլ հիմնական՝ ֆինանսական խնդիրը մնում է չլուծված:

Ամիսներ առաջ անդրադարձել էինք անապահով երկու ընտանիքների խնդիրներին: Այսօր կրկին այցելեցինք մեր ռեպորտաժների հերոսներին՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք նրանց կյանքում ինչ-որ դրական տեղաշարժեր են եղել:

Երկու դեպքում էլ գլխավոր հերոսները երեխաներն են՝ Հովհաննեսն ու Սարգիսը:

13-ամյա Սարգսին «Ազատության» նախկին ռեպորտաժներից հետո առաջարկվել էր ուսումը շարունակել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Նա էլ որոշել էր ոստիկան դառնալ:

«Մայրիկիս չէի կարող միայնակ թողնել, ուրիշ ոչ ոք չունի ինձնից բացի, կկարոտեի ու կանհանգստանայի նրա համար», - սա է կրթահամալիրում սովորելու առաջարկից հրաժարվելու Սարգիսի նշած պատճառը:

Մայրը՝ 48-ամյա Սեդա Մուրադյանը իր հիվանդությունների մասին մոռացած՝ որդու առողջական խնդիրներով է զբաղված՝ բժիշկներն ասել են, որ 13-ամյա որդու թոքերում ուռուցք կա, կրկնակի զննությունը, սակայն, հակառակն է ապացուցել, բայց Սարգիսը միևնույնն է՝ այսօր բուժում է ստանում:

Մեր նախորդ ռեպորտաժից հետո ընտանիքին օգնող հովանավոր էր հայտնվել: Նա մինչև այսօր վճարում է երեխայի պարապմունքների համար: Հովանավորից անչափ շնորհակալ են, բայց միևնույնն է, գոյատևել չեն կարողանում: Սեդայի 35 հազար դրամ աշխատավարձից 28 հազարը հատկացվում է իր դեղորայքին, 15 հազարն էլ հարկավոր է որդու բուժման ծախսերը հոգալու համար: Կոմունալ մուծումները, սնունդն ու հագուստը արդեն մնում են լուսանցքում:

«Ես ինքս ինձ սրսկում եմ, որ ուրիշին գումար չտամ, չունեմ, իրոք չունեմ: Շատ ժամանակ օրվա հացի փող չունեմ», - անկեղծացավ Սեդա Մուրադյանը:

Ապագայում ոստիկան կամ քահանա դառնալ ցանկացող Սարգսին մտահոգում է հաճախակի անհանգստացնող հազը, թույլ է զգում իրեն, բայց պարտաճանաչ հաճախում է պարապմունքներին, դպրոցում շարունակում է լավ սովորել:

Նախորդ տարի Ձմեռ պապից խնդրել էր իր և մոր համար առողջություն և բնակարան, որից տիրոջ վերադառնալուն պես պետք է հեռանան: Հիմա Սարգիսն այլևս չի հավատում Ձմեռ պապին, որովհետև ո'չ առողջություն բերեց հրաշագործ պապիկը, ո'չ էլ բնակարանի հարցը լուծվեց: Ճիշտ է, նրանց ներկայիս կացարանում ամեն ինչ՝ սանհանգույցը, խոհանոցը, ննջասենյակն ու հյուրասենյակը նույն տարածքում են, բայց եղածից էլ գոհ են:

«Փոքր, բայց լավ ա, կարևորը հոգիներս մեծ լինի, կարևորը՝ ապրենք: Էն ա վատ, որ մենք էդքան շատ լույս չենք վառում, բայց շատ-շատ փողեր են գրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիսը:

Երբ Սարգիսն իրեն փորձեց պատկերացնել ապագա հայրիկի դերում, արցունքները չկարողացավ զսպել: Հիշեց իր հորը, ում գրեթե չի տեսնում, և ով «հարբեցողության պատճառով լքել է ընտանիքը»․ - «Շատ լավ ընտանիք կունենամ, չեմ ծխի, չեմ խմի ու կաշխատեմ լավ հայր լինել»:

Այցելեցինք նաև 15-ամյա Հովհաննեսին, ում ընտանիքում ութ երեխա կա: Տան միակ աշխատող հոր հետ վերջերս դժբախտ պատահար է տեղի ունեցել․ գազի պայթյունից վնասվել է ձեռքն ու ոտքը, և նա շուրջ մեկ ամիս է գտնվում է հիվանդանոցում: Հիմա ընտանիքն ապրում է 8 երեխաների նպաստով:

«Ազատություն» ռադիոկայանի նախորդ ռեպորտաժներից հետո նրանց 3 սենյականոց բնակարան էր հատկացվել: Նաև համակարգիչ նվեր ստացան: Իրականություն էր դարձել նաև Հովհաննեսի երազանքը, և նա ընդունվել է «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր: Հիմա արդեն մեծահասակի դատողություններ անող այս պատանին հրաժարվում է շարունակել ուսումը, քանի որ հայրը չի աշխատում, իսկ ընտանիքն օգնել է հարկավոր:

«Աշխատանք լինի, ժամանակավոր լինի, ոնց ուզում ա, մենակ լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց 15-ամյա պատանին:

Նաև ասում է, թե հասկացել է, որ սպայի աշխատանքն իր համար չէ, ցանկանում է ուսումը շարունակել հանրակրթական դպրոցում:

Նախկինում հույսով ու հավատով լեցուն պատանին, ով իր ցանկությամբ հանդիպել էր նաև նախկին վարչապետին և Կրթության և գիտության նախարարին, այսօր արդեն դադարել է ապագայի մասին խոսել․ - «Ապագան կասկածելի ա, ամեն քայլափոխի պրոբլեմ կա»:

Կյանքի հիմնական տարիներն ապրել է տատի և պապի մոտ՝ Տավուշի շրջանի Իծաքար գյուղում: Կարոտում է կյանքից հեռացած տատին ու գյուղում միայնակ բնակվող պապին:

«Ուզում եմ գյուղ վերադառնալ, այնտեղ կյանքս ուրիշ էր՝ ավելի հետաքրքիր ու խաղաղ», - ասաց Հովհաննեսն ու ներողություն խնդրեց, որ չի կարողանում հարցազրույց տալ:

«Հոգնած եմ, հիասթափված, խոսելու տրամադրություն չունեմ», - այս խոսքերով էլ հրաժեշտ տվեց:

Այս երկու ընտանիքներում էլ հիմնական՝ ֆինանսական խնդիրը մնում է չլուծված: Սարգիսն ու Հովհաննեսը Աստծուց միայն առողջություն են խնդրում: Իսկ 13-ամյա Սարգիսը սարսափով է սպասում այն օրվան, երբ կվերադառնա բնակարանի տերն ու ինքը մոր հետ կհայտնվի փողոցում: