«Միայն արվեստագետ չեմ, քաղաքացի եմ»․ Երվանդ Մանարյան

Your browser doesn’t support HTML5

Այսօր 90 տարին բոլորած Երվանդ Մանարյանն ասում է, թե գիտի, որ կյանքը հարմար ապրելու համար պիտի իմանաս՝ ինչո՞ւ ես ապրում, ի՞նչ նպատակ ունես, ի՞նչ շրջանակ ես ստեղծել շուրջդ:

«Երեխաներն ուզում են գալ տիկնիկների մոտ, պարզապես ստիպված են ծնողների հետ արտագաղթել», - «Ազատության» հետ զրույցն այսպես սկսեց «Ագուլիս» տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ Մանարյանը կամ, ինչպես հենց թատրոնի կոլեկտիվն է ասում` պապին:

«Ես՝ հայրենադարձս, սակայն, երբեք չեմ արտագաղթի», - ասաց սիրված դերասանը: Արդեն 90-ամյա Մանարյանը հաստատակամ է այս հարցում՝ ասելով, թե «սեփականատեր եմ․․․իմը ուրիշին չեմ թողնում». - «Ես ուզում եմ իմը ունենալ, գիտեմ, որ էս իմը ավելի լավը չի, քան մեկ ուրիշի իմը, որը ինձ ընդունում է որպես ընկեր, որպես բարեկամ, ամեն տեսակետով ինձ ընդունում է, բայց իմը չի: Ես էստեղ տեր ու տիրական եմ, ես էստեղ էնպիսի հանգամանքների մեջ եմ եղել, որ երևի թե․․․ շատ ծանր հանգամանքներում, բայց իմն է, ո՞վ կարող է ինձ ինչ-որ բան ասել»:

«Ագուլիսը» Հայաստանի ամենափոքր թատրոնն է, սակայն ինչպես բոլոր փոքրիկներին, այս մեկին էլ պահելը բավականին բարդ է: Մանարյանի խոսքով՝ պետական վերաբերմունք առհասարակ գոյություն չունի դեպի արվեստը, իր հույսը էնտուզիազմն ու հնարամտությունն են:

«Ինչո՞ւ ենք էստեղ կոնսերվայի ամաններ կախել: Երեխան գալիս է և տեսնում է, որ կոնսերվայի ամանից կարելի է լուսավորության սարք ստանալ», - պատմեց Մանարյանը՝ հավելելով, որ եթե չլինեն այս փոքրիկ հնարքներն, այսօր փողոցից հանդիսատեսին թատրոն բերելը գրեթե անհնար է: Ըստ նրա՝ այսօրվա թատրոնը չի խոսում հանդիսատեսի խնդիրների մասին, այսօրվա դրամատուրգը չի գրում այսօրվա հոգսերի մասին:

«Միայն արվեստագետ չեմ, քաղաքացի եմ», - ասաց Մանարյանը՝ բացատրելով, թե ինչու չի կարողացել երբեք անտարբեր անցնել քաղաքական բուռն զարգացումների կողքով: Հիմա էլ, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանագծին, չի կարողանում լռել ու չասել, որ ժամանակին իր լավագույն ընկերներից մեկը հենց ադրբեջանցի էր:

«Սաբիր Ռիզաևը ադրբեջանցի էր, չէ՞, բա ո՞նց էինք մենք իրար հետ ապրում: Ո՞նց եղավ, որ էդ ադրբեջանցի Սաբիր Ռիզաեվը իմ՝ հայ մարդու, խիստ հայկական թեմայով, հարցադրումներով գրված սցենարին տեր կանգնեց ամենից լավ, քան որևէ մեկ ուրիշը: Աստված է տվել էս հարևանությունը, կարո՞ղ ենք հարևանությունը փոխել, չենք կարող, եթե չենք կարող, խելացի լինենք այնքան, որ էդ հարևանության մեջ հաշտ ապրենք», - ասաց Մանարյանը:

«Ինձ շրջապատում են երիտասարդներ, ուսանողներ, դա երիտասարդ լինելու գաղտնիքներից մեկն է, որ բացահայտեցինք», - ընդգծեց սիրված դերասանը: