Էրդողանը հաղթեց ընտրություններում և «նոր դարաշրջան» խոստացավ

Թուրքիա - Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանդիպման ժամանակ, օգոստոս, 2014թ․

Թուրքիայի առաջին անմիջական նախագահական ընտրություններում հաղթելուց հետո գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Էրդողանը խոստացել է հաշտության «նոր դարաշրջան» այդ երկրի համար։

«Այսօր մենք փակում ենք ներկա դարաշրջանը և քայլ ենք անում դեպի նորը», - երեկ ասել է Էրդողանը։ «Եկեք հին քննարկումները թողնենք հին Թուրքիայում», - ասել է ընտրություններում հաղթած թեկնածուն։

Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Էրդողանը ստացել է ձայների մոտ 52 տոկոսը։ Սակայն վերջնական պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր։