Դոնեցկի անջատականները Մալազիային հանձնեցին «սև արկղերը»

Ալեքսանդր Բորոդայ, արխիվ

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը այսօր մալազիական կողմին է հանձնել հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում կործանված «Բոինգ-777» օդանավի «սև արկղերը»:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «սև արկղերը» Բորոդայից ընդունել է Մալազիայի հատուկ ներկայացուցիչ գնդապետ Մոհդ Սաքրին: «Սև արկղերի» վրա կան աննշան վնասվածքներ, սակայն արտաքին միջամտության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել», - ասել է Սաքրին:

Կողմերի միջև ստորագրված հուշագրով մալազիական կողմը պարտավորվել է «սև արկղերը» հանձնել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի փորձագետներին՝ ողբերգության հանգամանքների հետագա քննության համար:

«Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, 298 մարդ է զոհվել: